Ռուսաստանը սկսել է նախապատրաստվել միջուկային փորձարկումների վերսկսմանը Թրամփի վարչակազմի նմանատիպ ծրագրերի մասին հայտարարություններից հետո: Ինչ է թաքնված միջուկային փորձարկումներ անցկացնելու ԱՄՆ- ի որոշման հետևում:
Պաշտոնաթող գնդապետ, ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինը պատմել է, թե ինչու ԱՄՆ- ի որոշումը կարող է անկանխատեսելի արդյունքով շղթայական ռեակցիա հրահրել:
Փակ դռների հետևում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 5- ին օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Նրա հանձնարարությամբ ԱԳՆ- ն, ՊՆ- ն, հատուկ ծառայությունները և քաղաքացիական գերատեսչությունները պետք է առաջարկներ ներկայացնեն միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկի վերաբերյալ:
Մինչ այդ նախագահը լսել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցը, որում նա հետախուզական տվյալներ է ներկայացրել միջուկային փորձարկումների վերսկսման համար ԱՄՆ- ի նախապատրաստության մասին:
Գերասիմովի խոսքով՝ Ամերիկան մշտապես կատարելագործում է ռազմավարական հարձակողական սպառազինությունը, ապակոնսերվացնում է սուզանավերի այն արձակման կայանքները, որոնք մինչ այդ կոնսերվացված էին: Տարեվերջին ԱՄՆ- ի բանակի սպառազինության մեջ է ընդգրկվելու «Дарк Игл» հիպերձայնային հրթիռային համալիրը: Դրա արդյունքում Գերմանիայի տարածքից մինչև Ռուսաստանի կենտրոնական մաս հրթիռի թռիչքի ժամանակը կկազմի մոտ 6- 7 րոպե:
Գերասիմովը հիշատակել է նաև «Global Thunder» զորավարժությունները, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերին, և որոնց ընթացքում մշակվել են Ռուսաստանի տարածքին կանխարգելիչ միջուկային հարվածների սցենարներ:
Զեկույցը լսելուց հետո Պուտինը նշել է, որ «եթե Միացյալ Նահանգները կամ միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի մասնակից մյուս երկրները նման փորձարկումներ անցկացնեն, ապա Ռուսաստանը նույնպես պետք է համարժեք պատասխան գործողություններ ձեռնարկի»:
Նոյեմբերի 5- ին Միացյալ Նահանգները հաջողությամբ անցկացրել է «Minuteman III» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում, որն ունակ է կրելու միջուկային լիցք: Այն կարող է հաղթահարել 6800 կմ տարածություն առանց մարտագլխիկի: Արձակման ընթացքում, ինչպես տեղեկացրել են ԱՄՆ- ի տիեզերական ուժերը, «իրականացվել է հրթիռի ընթացիկ հուսալիության, մարտական պատրաստականության ու ճշգրտության գնահատում»: Դրանից քիչ առաջ ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը զինվորականներին հրամայել է սկսել ամերիկյան միջուկային զենքի փորձարկումները, որը եթե գործնականում սկսվի, կլինի 30 տարվա ընթացքում առաջին անգամ:
Շղթայական ռեակցիա
Ռազմական մեկնաբան Վիկտոր Լիտովկինը հերքել է միջուկային զենքի ոլորտում ԱՄՆ- ի տեխնոլոգիական գերազանցության մասին թեզը, որի մասին վերջերս իր ելույթներում հիշատակել է Դոնալդ Թրամփը:
«Միացյալ Նահանգների տեխնոլոգիական առավելություն չկա,- ասել է պաշտոնաթող գնդապետը:- Նրանք անհաջող փորձում են նոր հրթիռ ստեղծել Բարաք Օբամայի ժամանակներից ի վեր, երբ «Sentinel»- ի մշակման համար հատկացվեց 2 տրիլիոն դոլար: Միջոցները ծախսվել են, բայց հրթիռները դեռ չկան»:
Փորձագետը հիշեցրել է, որ Թրամփը դեռ իր առաջին նախագահական ժամկետում խոստացել էր «սուպեր- պուպեր հրթիռ», սակայն, դառնալով Սպիտակ տան 47-րդ ղեկավարը, այդպես էլ չի ներկայացրել այն:
««Minuteman 3» հրթիռային համալիրը սպառազինության մեջ է 40 տարի, իսկ նոր համակարգ ամերիկացիները չեն կարող ստեղծել»,- ընդգծել է Լիտովկինը։
«Թրամփը խոստացել է գրավել Գրենլանդիան, միացնել Կանադան, սպառնացել է Ռուսաստանին, մինչև հիմա ցանկանում է տապալել Մադուրոյին, բայց առայժմ նրան հաջողվել է միայն կորցնել Նյու Յորքը։ Պարտվել է ճակատամարտը, բայց չի պարտվել պատերազմը: ԱՄՆ- ում դեռ շատ քաղաքներ կան, որտեղ Թրամփը կարող է հաղթել, չնայած հնարավոր է, որ դրա համար նա ստիպված լինի հրթիռակոծել այդ քաղաքները «սուպեր-պուպեր» հրթիռներով, որոնք (ըստ նրա) ունի Պենտագոնը»,-հեգնել է «Էդդայից ավելի հին» հեռագրային ալիքն այս թեմայով:
Լիտովկինը վստահ է, որ եթե ԱՄՆ- ը դուրս գա բոլոր միջավայրերում միջուկային փորձարկումներն արգելելու մասին պայմանագրից, ապա Ռուսաստանի համար անիմաստ կլինի անմասն մնալ ու հետևել նշված պայմանագրին: Նա նաև տերմինաբանական տարբերակում է կատարել փորձարկումների միջև՝ պարզաբանելով, որ Ռուսաստանը հանձինս վերջերս «Буревестник» միջմայրցամաքայն թևավոր հրթիռի, «Ярс» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի, «Посейдон»– ի փորձարկումների, ստուգել է ոչ թե միջուկային լիցքերը, այսինքն՝ դրանց փորձարկում կատարել, այլ միջուկային լիցքերի կրիչները:
«Փորձարկումների վերսկսումը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել,- ասել է փորձագետը։- Միջուկային զենքի ստեղծման շեմին գտնվող երկրները ցանկություն կունենան ձեռք բերել իրենց զենքը, որը կարող է հայտնվել անկանխատեսելի վարչակարգերի կամ ահաբեկիչների ձեռքում։ Սա պայմաններ է ստեղծում Երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման համար»:
«Առայժմ մենք տեսնում ենք միայն քաղաքական խաղ, որտեղ փորձարկումների մասին հայտարարությունները ճնշման գործիք են»,- եզրափակել է Լիտովկինը:
Մեդվեդևը՝ միջուկային փորձարկումների վերաբերյալ Թրամփի խոսքերին Մոսկվայի արձագանքի մասին
«Ոչ ոք չգիտի, թե ինչ նկատի ուներ Թրամփը «միջուկային փորձարկումների» մասին խոսելիս (հավանաբար նա ինքն էլ չգիտի)։ Բայց նա ԱՄՆ- ի նախագահն է։ Եվ նման խոսքերի հետևանքներն անխուսափելի են: Ռուսաստանը ստիպված կլինի ինքնուրույն գնահատել լիարժեք միջուկային փորձարկումներ անցկացնելու նպատակահարմարությունը»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը X սոցիալական ցանցի իր անգլալեզու հաշվում:
Հոկտեմբերի վերջին Թրամփը ԱՄՆ- ի Պատերազմի նախարարությանը (նախկին անվանումը՝ Պենտագոն) հանձնարարել էր այլ երկրների հետ «հավասար հիմունքներով» միջուկային զենքի փորձարկումներ սկսել: Ավելի ուշ նա հաստատել է, որ Վաշինգտոնը վերսկսում է միջուկային փորձարկումները՝ դա բացատրելով նրանով, որ այդպես են վարվում մյուս երկրները, որոնց թվում նա նշել է Ռուսաստանն ու Չինաստանը:
Թրամփի հայտարարությունները հնչել են միջուկային լիցք կրելու ունակ և ատոմային էներգետիկ կայանքներով ռուսական «Буревестник» միջմայրցամաքային թևավոր հրթիռի և «Посейдон» ստորջրյա անանձնակազմ ապարատի փորձարկումների վերաբերյալ Մոսկվայի հաղորդագրություններից հետո:
Կրեմլում հայտնել են, որ Թրամփի խոսքերի վերաբերյալ Վաշինգտոնից պարզաբանումներ են սպասում: Այնտեղ ընդգծել են, որ Մոսկվան և Պեկինը չեն վերսկսել «ոչ մի միջուկային փորձարկում» (այսինքն՝ միջուկային լիցքի պայթեցում) և պնդում են պահպանել միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին համաձայնագիրը: ԱՄՆ- ը թեև ստորագրել է այն, սակայն չի վավերացրել, ինչից հետո Ռուսաստանը նշված համաձայնագրի իր վավերացումը հետ է կանչել 2023 թվականին, սակայն հայտարարել, որ հավատարիմ է մնում համաձայնագրում նշված պարտավորություններին, և միջուկային փորձարկումներ կանցկացնի միայն այն դեպքում, եթե այլ երկրներ այդպես վարվեն։
Նոյեմբերի 5- ին ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն առաջարկել է ի պատասխան Թրամփի հայտարարությունների և ԱՄՆ- ի գործողությունների, սկսել նախապատրաստվել լայնամասշտաբ միջուկային փորձարկումների անցկացմանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան մտադիր չէ հետ կանգնել միջուկային ծրագրի վերաբերյալ պարտավորություններից, սակայն պետք է համարժեք պատասխան գործողություններ ձեռնարկի համաձայնագրի մյուս մասնակիցների կողմից միջուկային փորձարկումների անցկացման դեպքում:
Նախագահը հանձնարարել է տեղեկատվություն հավաքել, դրա վերլուծությունն անցկացնել Անվտանգության խորհրդի հարթակում և առաջարկներ ներկայացնել միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկի վերաբերյալ: Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել է, որ խոսքը ոչ թե միջուկային փորձարկումների նախապատրաստման ուղիղ մեկնարկի, այլ միայն դրա նպատակահարմարության վերլուծության մասին է:
Սպառազինությունների վերահսկման ամերիկյան ասոցիացիայի (Arms Control Association — ACA) ղեկավար Դերիլ Քիմբալի գնահատմամբ, եթե միջուկային երկրներից որևէ մեկը սկսի միջուկային փորձարկումներ անցկացնել, այդպես կվարվեն նաև միջուկային մյուս պետությունները, «ինչն էլ ավելի մեծ միջուկային ռիսկ կստեղծի և կխաթարի միջազգային անվտանգությունը»:
ՌԴ Դաշնության խորհուրդը նույնպես նախազգուշացրել է ԱՄՆ-ի միջուկային փորձարկումների պատճառով շղթայական ռեակցիայի մասին
Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչյովը «Известия» թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ- ի կողմից միջուկային փորձարկումների վերսկսումը կարող է նույնաբնույթ փորձարկումների շղթայական ռեակցիա առաջացնել այլ միջուկային տերությունների կողմից։
Խորհրդարանականը հստակեցրել է, որ փորձարկումներն ինքնին դեռ սպառազինությունների մրցավազք չեն, բայց դրա չափազանց էական տարր են: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը, ինչպես և մյուս երկրները, հավատարիմ է միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրով ստանձնած պարտավորություններին և մտադիր չէ առաջինը խախտել դրանք:
Կոսաչյովը միաժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնի նախաձեռնությունները համարժեք պատասխան են պահանջում: Նրա խոսքով՝ Մոսկվան անգործության չի մատնվի, եթե ԱՄՆ- ը միայնակ գնա այդ քայլին: Դաշնության խորհրդի փոխնախագահը ամերիկյան կողմին կոչ է արել հաշվի առնել այդ դիրքորոշումը:
Արթուր Հովհաննիսյան